Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար: Ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններով` Բաքուն պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում գործող լոբբիստական կառույցներից մեկի` Podesta Group ընկերության հետ, նպատակ ունենալով տապալել Կոնգրեսում շրջանառության մեջ դրված «Ադրբեջանի դեմոկրատական ակտ» նախագիծը:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների խախտումների համար ադրբեջանցի պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցների սահմանում նախատեսող օրինագիծը շրջանառության մեջ է դրել հանրապետական կոնգրեսմեն Քրիստոֆեր Սմիթը դեկտեմբերի 16-ին, երբ Ադրբեջանը հրաժարվեց ազատ արձակել բանտերում գտնվող հարյուր քաղբանտարկյալներին: Օրինագծին համահեղինակությամբ միացել են նաև Ներկայացուցիչների պալատի Նյու Յորքից ընտրված դեմոկրատ անդամ Լուիզա Սլոութերը և Նևադայից ընտրված հանրապետական կոնգրեսմեն Ջո Հեքը: «Թուրանի» տեղեկություններով՝ Podesta Group-ի հետ հարաբերությունները համակարգում է Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությունը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալներով՝ լոբբիստական կազմակերպության հետ պայմանագիրը ստորագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը: Պայմանագրի դրույթների համաձայն՝ «Podesta Group»-ը երաշխավորում է, որ Վաշինգտոնի մի քանի ազդեցիկ գործիչներ հասանելի կլինեն Ադրբեջանի ներկայացուցիչների համար, բացի այդ՝ ընկերությունը պարտավորվում է ուսումնասիրել և վերլուծել Բաքվի անհանգստությունը հարուցող հարցերը, խորհրդատվական ծառայություններ մատուցել ամերիկյան քաղաքականության նրբերանգների վերաբերյալ, կապեր հաստատել Կոնգրեսի և գործադիր իշխանության ներկայացուցիչների, Վաշինգտոնում գործող ոչ կառավարական կազմակերպությունների հետ: «Թուրան»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը Podesta Group-ի ծառայությունների դիմաց ամսական վճարում է 50 հազար ամերիկյան դոլար: Ադրբեջանական իշխանությունների` Podesta Group-ի հետ համագործակցության վերջնական նպատակը, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների, «Վաշինգտոնում Ադրբեջանի իմիջի բարելավումն է և Քրիստոֆեր Սմիթի օրինագծի արգելափակումը»: